Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Անհետացած կամավորը

Անհետացած կամավորը
19.10.2018 | 02:43

Հոկտեմբերի 5-ին Փարիզի Սբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ մատուցվեց Շառլ Ազնավուրին: Եվ զարմանալի կլիներ, եթե այդ բանը տեղի չունենար: Որովհետև 1928 թ. այստեղից էր երկնի լուսեղեն ուղին բռնել Զորավար Անդրանիկը: Այստեղից էր 1935 թ. մեր ժողովրդի անմահների շարքն անցել Կոմիտասը: Ազնավուրը երրորդն էր, և դա ճիշտ էր, արդարացի: Եկեղեցու կառուցումից՝ 1904-ից ի վեր որքա՜ն անվանի ֆրանսահայ արվեստագետներ, գրողներ, գիտնականներ, ազգային ու քաղաքական գործիչներ վախճանվեցին, բայց ոչ ոք չարժանացավ եկեղեցում վերջին հանգրվան ստանալու պատվին: Միայն Ազնավուրը, հե՛նց նա պիտի շարունակեր հանճարների անիմանալի հուղարկավորությունների ընթացքը, հե՛նց նա էր արժանի: Մեկ այլ խորհուրդ էլ կար. այդ եկեղեցին կառուցած ազգիս մեծագույն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը որքա՜ն հեռատես էր եղել: Բազմիցս գրել եմ թե՛ Ալ. Մանթաշյանցի և թե՛ եկեղեցու մասին, բայց հիմա մտածում եմ, որ նա այդ բանն արեց ոչ միայն սրտի ու մտքի, այլև Վերին կամքի թելադրանքով:
Սակայն Ազնավուրի հուղարկավորությունը ներսումս արթնացրեց վաղուց անհանգստացնող ու մտքիս ծալքերին հանձնած մտատանջությունը: Խոսքը անհետացած կամավորի մասին է:
Մենք չմարած բարոյական պարտք ունենք հայ կամավորների առջև: Եվ ինչպես ամեն մի պարտք՝ անցած ավելի քան մեկ դարի ընթացքում տոկոսներն ավելացել են, ու այս հրապարակումն էլ ի վիճակի չէ գեթ դույզն իսկ պարտքը հատուցանել:

Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը բոլոր ազնիվ ու խիզախ հայ տղամարդկանց սրտում արթնացրեց լլկված, խլված, նվաստացված Հայրենիքը վերանվաճելու հույս: Քարոզչության կարիք չկար, ամենքը հասկանում էին, որ Հայրենիքը հետ բերելու միակ միջոցը զենքն է: Ռուսաստանի ու Կովկասի տղամարդիկ ընդգրկվեցին ռուսական բանակում, ֆրանսաբնակները՝ Ֆրանսիայի Հայկական լեգեոնում, ամերիկաբնակները, թողնելով իրենց կուշտ, ապահով կյանքը, ամերիկյան զինված ուժերում: Ի՞նչ անեին, իրենք պետություն չունեին, որ մարտնչեին սեփական դրոշի ներքո: Առաջնորդողը հայրենյաց հանդեպ սերն էր, հայրենասիրությունը:
Ֆրանսահայ տղամարդիկ, ռազմի դաշտ մեկնելուց առաջ, հավաքվում էին Սբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում ու հաղորդություն ստանում: Ամերիկայից ժամանածներն էլ էին նույն բանն անում: Ազգի ծաղիկը՝ հայ տղամարդը, պատրաստ էր կյանքը զոհելու հանուն Հայրենիքի ու հավատքի:


Երբ 1918 թ. հոկտեմբերին զինադադար հայտարարվեց, երբ պարզ դարձավ, որ Գերմանիան ու ցեղասպան Թուրքիան պարտվել են, պատվախնդիր ֆրանսահայերը որոշեցին հարգանքի տուրք մատուցել իրենց ազգակից կամավորներին՝ 1914-1918 թթ. զինվորագրված շուրջ 4000 հոգու: Նախ, 62 զոհվածների անունները փորագրվեցին եկեղեցու ներսի պատին: Չգիտեմ ինչու հենց այս մարդկանց, իրականում զոհերը շատ ավելին էին: Միայն 800 հայ կամավորներ գերմանացիների դեմ կռվեցին Ֆրանսիայի հյուսիս-արևելյան ռազմաճակատում, և տուն դարձավ ընդամենը 50 հոգի: Բայց կթվարկեմ 62-ի ծննդավայրերը՝ Կ. Պոլիս, Պարտիզակ, Իզմիր, Բաթում, Ամասիա, Թավրիզ, Վան, Թոքատ, Բիթլիս, Բուլղարիա, Օվաճիգ, Տրապիզոն, Թալաս, Զեյթուն, Կեսարիա, Շապին-Գարահիսար, Արաբկիր, Մուշ, ՈՒրֆա, Խարբերդ, Մանիսա, Այդին, Ադանա, Բրուսա, Թիֆլիս, Ակն, Ռոդոստո, Ադրիանապոլիս: Բոլորը ֆրանսաբնակ էին, ամեն մեկը կռվել էր իր ծննդավայրի համար, բայց ամենքն իրենց կյանքը տվել էին հանուն Հայրենիքի ու հանուն իրենց ապաստանած Ֆրանսիայի:
Ստեղծվեց Հայ կամավորների միություն, որը վճռեց ի հիշատակ կամավորների հուշարձան կանգնեցնել հենց եկեղեցու մուտքի մոտ: Հուշարձանի համար փող էր պետք՝ 5000 ֆրանկ: Անշուշտ, կային բազմաթիվ մեծահարուստ հայեր, որոնցից յուրաքանչյուրը պատրաստ էր այդ գումարը տրամադրելու, բայց որոշվեց հուշարձանը կառուցել բացառապես ժողովրդական հանգանակաությամբ: Սկսվեց դրամահավաք: Յուրաքանչյուրից ընդունվում էր 25-40 ֆրանկ, բացառիկ դեպքերում՝ 100-150 ֆրանկ: Հանգանակությունը տևեց 7 տարի, և ժողովվեց պահանջված գումարը:


1926 թ. հուլիսի 11-ին տեղի ունեցավ հայ կամավորների հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը: Նախ, եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն: Հրավիրյալներից ներկա էին 1919-ին Սիրիայում ու Կիլիկիայում Ֆրանսիայի գերագույն կոմիսար Անրի Գուրոյի կողմից՝ գեներալ Է. Լագրյուն, վարչապետի, ներքին գործոց նախարարի, Սենի նահանգապետի ներկայացուցիչները, պատգամավոր Է. Սուլիեն, հայապաշտպաններ Օ. Գովենը, Շ. Դիլը, Պ. Բուալեն, հայագետ, պրոֆեսոր Ֆ. Մակլերը, «Պըտի Փարիզիեն» և «Էքսելսիոր» պարբերականների թղթակիցները: Հոգեհանգստից հետո ելույթներով հանդես եկան կաթողիկոսական պատվիրակը, Հայ կամավորների միության պատվավոր նախագահ, Եվրոպայում հայտնի ակնավաճառ ու բարերար Ս. Սվաճյանը, հրապարակախոս Ա. Չոպանյանը և Հ. Մարմարյանը: Ապա երգչախումբը կատարեց Կոմիտասի «Տէր կեցո դու զհայս» և «Ով մեծասքանչ դու լեզու» ստեղծագործությունները, որից հետո բոլորը դուրս եկան:


Եկեղեցու մոտ՝ Ժան Գուժոն փողոցում, խռնվել էր հայ և օտարազգի հոծ բազմություն: «Մարսելյեզի» հնչյունների ներքո եկեղեցու մուտքի աջ կողմում սավանը քաշեց ու հայ կամավորի հուշարձանի բացումը կատարեց գեներալ Լագրյուն: Արձանի հեղինակը քանդակագործ Նշան Թուրն էր (Թուրունջյան, 1888-1966), իսկ պատվանդանին ֆրանսերեն ու հայերեն փորագրված էր. «1914-1918. Ի յիշատակ պատւոյ դաշտին վրայ ինկած ֆրանսահայ կամաւորներին»:
Հիմա կխնդրեմ ուշադիր նայել արձանին. ըստ իս, կամավորի ողջ կեցվածքը և դեմքը արտահայտում էին խեղճություն, շվարանք ու կոծկված կշտամբանք: Հայերն իրենց արյունն էին հեղել ոչ միայն Ֆրանսիայի, այլև սեփական Հայրենիքի համար: Այնինչ Ֆրանսիայի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը Կիլիկիան հանձնել էր թուրքերին…

Այժմ՝ մտատանջությանս ու անպատասխան հարցերի մասին:
1994 թվականն էր: Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, լուսահոգի Վազգեն Ա կաթողիկոսը ծանր հիվանդ էր, և նրա երկրային կյանքին շատ քիչ ժամանակ էր մնացել: Ա՞յդ էր պատճառը, թե՞ մեկ այլ բան, բայց Կամավորի հուշարձանը հանվեց, ու դրա տեղում դրվեց XIII դարի խաչքար…


Հիմա՝ հարցերս: ՈՒ՞մ նախաձեռնությամբ արձանը հանվեց: Արդյո՞ք այն ժամանակվա ՀՀ «խաղաղասեր» նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը դերակատարություն էր ունեցել: Ի՞նչ խաչքար է, եթե դա Հայաստանից էր բերվել, ապա ո՞ր իրավունքով այդ պատմամշակութային արժեքը երկրից դուրս հանվեց: Ի՞նչ եղավ Կամավորի հուշարձանը, որտե՞ղ է գտնվում հիմա, առհասարակ «ո՞ղջ» է, գոյություն ունի՞, թե՞ նետվել է աղբանոց կամ ոչնչացվել:
Բոլոր ջանքերս, փնտրտուքներս` ստանալու այս հարցերի պատասխանները, ապարդյուն եղան: Եվ հիմա ուրախ կլինեմ, եթե որևէ մեկը հրապարակավ պատասխանի:
Ես անձամբ համարում եմ, որ Կամավորի հուշարձանի հանումը աններելի սխալ էր, և այն պետք է վերագտնի իր տեղը Սբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու մուտքի մոտ: Որովհետև այդ արձանը՝ հուշի արձանը, ոչ միայն հարյուրավոր զոհված ֆրանսահայ կամավորների մարմնավորում էր, բարոյական արժեք, այլև պարունակում էր ահռելի ազգային, պատմաքաղաքական իմաստ: Եվ ոչ ոք իրավունք չուներ այդ իմաստից զրկելու հետագա սերունդներին:

ԿԻԼԻԿՅԱՆ ԷՋԵՐ
Կոչ զինուորական օրակարգի
Կիլիկիան գրաւող բանակ
Հայ զինուորնե՛ր,
Երկար և երբեմն տաժանագին զոհողութիւններէ վերջ ոտք կոխեցինք այս երկրին մէջ, որուն անունը թունդ կը հանէ ամէն հայու սիրտ:
Մեր բանակը մտաւ Կիլիկիա, ուր պիտի հաստատուի:
Հայ զինուորնե՛ր,
Թշնամին տեսաւ ձեր զէնքի զօրութիւնը և տապալեցաւ անոր առջև: Բայց զէնքի ոյժը տևական յաղթութիւն մը չի կրնար տալ, եթէ անոր հետ միասին գոյութիւն չունենայ խելքի ոյժը: Հիմա ժամանակն է թշնամին յաղթելու ձեր խելքի ոյժով:
Հայ զինուորնե՛ր,
Ձեր պարտականութիւնն է տանելու այդ երկրորդ յաղթութիւնն ալ, որովհետև ամբողջ քաղաքակրթեալ աշխարհը կը դիտէ ձեզ հայ ազգին ճակատագիրը որոշելու համար: Պիտի տեսնէք շատ թշուառութիւններ, որոնք պիտի յուզեն ձեր միտքը, բայց ինչպէս որ մահուան առջև պահեցիք ձեր պաղարիւնութիւնը, ատոնց առջև ալ եղէք քաջ: Որովհետև քաջութիւն մըն է այդ և ամենաընտիր քաջութիւն: Եվ մի՛ տարուիք անձնական վրէժներ յագեցնելու դիւրին և ազգակործան ճամբան: Վստահ եղէք, որ մեր վրէժը պիտի լուծուի ամենակատարեալ կերպով, բայց եթէ դուք ինքնագլուխ գործէք, ի զուր կ՛երթան մեր անսահման զոհողութիւնները:


Ականջ ալ մի՛ տաք անոնց, որոնք կա՛մ անփորձութեամբ և կա՛մ ձեզ գրգռելու յետին միտքով սուտ և չափազանցեալ լուրեր կը տարածեն, որպէսզի ձեր սրտի փափուկ թելերուն դպչելով ձեզ սխալ գործունէութեան հրաւիրեն:
Եղէք կարգապահ, մտիկ ըրէք ձեր հրամանատարներու և առաջնորդներու խօսքին, որոնք սկիզբէն ի վեր ձեր հետն են և կը շնչեն միևնոյն շունչէն ձեզ հետ:
Եղէք հպարտ: Զինուորը իր համազգեստին հպարտութիւնը պէտք է ունենայ: Ուր որ ալ ըլլաք, ձեր կեցուածքով, ձեր խօսուածքով, ձեր բարոյականով օրինակ տուէք բոլորին:
Մինչև հիմա կ՛ըսէին՝ հայը գիտէ կռուիլ ու մեռնիլ, բայց ո՛չ կառավարել և ապրիլ: Հայ զինուորնե՛ր, դուք ցոյց տուէք, որ հայը մեռնիլ ալ գիտէ, ապրիլ ալ գիտէ:
Legion d’Orient
1919 թ., Ադանա

Կոչ մը հայ զինուորներուն


Հայ զինուորնե՛ր,
Ձեր մէջ կ՛առաջարկուի զինուորութիւնը ձգել զինուորագրութեան ժամանակը լրանալէ առաջ:
Կրնաք երեք տարբեր որոշումներ տալ.
1) զինուորութիւնը անմիջապէս ձգել.
2) ձեր զինուորական պարտականութիւնները կատարել մինչև օրինական սահմանը.
3) ստորագրել նոր զինուորագրութիւն մը 1 կամ 2 տարուայ համար:
Հայկական լեգէոնի հայ սպաները խորհրդակցութիւն մը ունեցան այս մասին, որպէսզի հայ զինուորներուն ուղղութիւն մը տրուի. քաղաքական վիճակի անորոշութենէն դուրս ելնելէ առաջ պէտք է որ մենք տանք մեր պատասխանը:
Միաձայն կերպով բոլոր հայ սպաները յանգեցան հետևեալ որոշումին.
-նկատելով որ Հայկական լեգէոնի պահպանումը անհրաժեշտ է հայ ազգին ներկային մէջ նեցուկ ըլլալու համար և ապագայ աւելի ընդարձակ և արդիւնավոր գործունէութեան մը ծնունդ տալու համար.
-նկատելով որ Հայկական լեգէոնի ջնջումը կամ ցրւումը թշնամիին համար յաղթութիւն մը պիտի ըլլայ, զոր չկրցաւ զէնքով ձեռք բերել.
-նկատելով որ Հայկական լեգէոնի անհետացումովը տուժողը պիտի ըլլայ միմիայն հայ ազգը.
-նկատելով որ օրէ օր բարեփոխութիւններ կը մտցուին բանակի կազմութեան մէջ և անոր ազգային բնոյթ մը կը տրուի.
-նկատելով որ Հայկական լեգէոնը վարձկաններու բանակ մը չէ, այլ գաղափարական զինուորներու բանակ մը, որոնք զինուորական պարտականութիւնը ստանձնած են հայ Հայրենիքին համար,
կը հրահանգուի բոլոր գիտակից հայ զինուորներուն.
ա) մնալ բանակին մէջ, ստորագրել անմիջապէս 1 տարուայ զինուորագրական թուղթը.
բ) կամ, յամենայն դէպս, շարունակել իրենց սրբազան գործը մինչև Պատուիրակութենէն (որ այժմ Փարիզի մէջ միացած է Հայկական Հանրապետութեան կառավարութեան հետ) պաշտօնական հրաման մը գալը:
1919 թ., Ադանա

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 23363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ